Արքայական գավաթի մեկ քառորդի շրջանակներում կայացավ Մադրիդի «Աթլետիկո»-«Բարսելոն» երկրորդ հանդիպումը: Առաջինում նվազագույն հաշվով հաղթած կատալոնցիներին լրիվ բավարարում էր ոչ-ոքի արդյունքը կամ էլ ոչ երկու գնդակի տարբերությամբ պարտությունը: Այս մանրամասներն ընթերցողին կարող են թվալ նույնիսկ անհարկի, բայց պարտք է, պիտի կատարենք` ինքներս էլ հրաշալի հասկանալով, որ գվարդիոլական տարիների բարձունքին մոտեցած այս «Բարսելոնը» նման անփութություն իրեն չէր կարող թույլ տալ:
Սակայն այս հանդիպման լրացուցիչ ինտրիգն այն էր, որ վերջին ոչ լրիվ քսան օրում սա կողմերի երրորդ հանդիպումն էր, ու «Աթլետիկոն» պիտի ցանկացած գնով փորձեր հաղթել մրցակցին, քանզի երրորդ անընդմեջն արդեն քաջ հայտնի անեկդոտի օրինակով սպառնում էր վերածվել բնավորության:
Խաղը սկսվեց արագ գոլով: Վայրկենացույցի սլաքը չէր էլ հասցրել առանցքի շուրջ կատարել առաջին պտույտը, երբ մադրիդցիները հաշվի մեջ առաջ անցան: Տորեսի խփած գոլը եկավ փաստելու, որ կողմերից մեկնումեկն արդեն դատապարտված էր հաղթելու անկախ նրանից` կլինի հանդիպման հիմնակա՞ն, լրացուցի՞չ ժամանակում, թե՞ տասնմեկմետրանոցներով:
Կատալոնցիները շատ արագ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Հետևեց նրանց հանրահայտ եռյակի եռաքայլն ու պարզ դարձավ, որ երկու խաղի արդյունքով մադրիդցիները դատապարտված են, քանզի, ինչպես գիտեք, հեքիաթներն ավարտվում են մանկական տարիքում: Իհարկե, մրցավարի կոպտագույն սխալի պատճառով տանտերերի համար հույսը մի անգամ էլ աղոտ առկայծեց` նշանակվեց տասնմեկմետրանոց, սակայն «Բարսելոնը» հաշվի մեջ կրկին հասավ հավասարության, ապա և առաջ անցավ` վերջնականապես թաղելով հանդիպման ինտրիգը:
Թե ինչ կատարվեց երկրորդ խաղակեսում, պիտի բնութագրել կատալոնցիների ասպետական պահվածք: Նրանք կարող էին տասը հոգով մնացած մադրիդցիների գլխին սարքել արյան բաղանիք, ինչպես կասեր Չարենցը, սակայն առաջնորդվեցին «ընկածին չեն խփում» մարդասիրական սկզբունքով: Այդ ուրիշ բան, որ տեսնելով չեն կարող հաղթել, մադրիդցիները սկսեցին իսկական մարդաորս ու այնքան ջանադիր եղան, որ անգամ մրցավարի նյարդերը տեղի տվեցին, ու նրանց երկրորդ խաղացողն էլ հեռացվեց խաղադաշտից:
Ավարտենք: «Բարսելոնը» դուրս եկավ կիսաեզրափակիչ ու նրա այս որակի պարագայում հավասարապես դատապարտված է ինչպես կիսաեզրափակչում, այնպես էլ եզրափակչում մրցակից կազմելիք թիմը: Սա մենք չենք ասում ընթերցողի մոտ Նոստրադամուսի անուն ձեռք բերելու ցանկությամբ, այլ ընդամենը ֆիքսում ենք իրականությունը: Իհարկե, կարող եք դիմադարձել՝ «Բա հրաշքներ չե՞ն լինում» հուսահատ հարցով, ու կլսեք պատասխան` լինում են, սակայն միայն հեքիաթներում, իսկ հեքիաթները, կրկնում ենք, ավարտվում են մանկական տարիքում:
Գավաթային մի հանդիպում էլ հիշատակենք Անգլիո կողմերից:
Լիգայի գավաթի հանդիպումում Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը եզրափակչում դարձավ «Տոտենհեմը», որը պատասխան խաղում ոչ-ոքի` 2:2, խաղաց «Շեֆիլդի» հետ, ու քանի որ առաջինում հաղթել էր մրցակցին, շարժվեց առաջ: Այստեղ սպասվում է չափից դուրս հետաքրքիր եզրափակիչ ու ոչ միայն նրա համար, որ գավաթային գլխավոր հանդիպումը դերբի է: Եթե հիշում եք, երկրի առաջնությունում «Տոտենհեմը» այնպիսի զարհուրելի ապտակ հասցրեց «Չելսիին»` հաղթելով 5:3 հաշվով, որ, ասում են, Ժոզե Մոուրինյոն ամեն երեկո քնում, արթնանում է «Տոտենհեմ» մղձավանջով: Իհարկե, քրիստոնեական հանդուրժողականության տեսանկյունից սատանայի հանդիպելիս հանձնարարելի տարբերակը երեսիդ խաչ հանելն ու նրան շրջանցելն է, սակայն մեղավորիս կայուն ընկալմամբ՝ լավագույն տարբերակը պոզերից բռնելն ու, մեղմ արտահայտվենք, վիզը ոլորելն է: Ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ ստեղծված իրավիճակում խաչ հանելով չես պրծնի, ու դա հավասարապես վերաբերում է երկու կողմերին էլ` անկախ այն բանից, թե ով է սատանան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ